Ամբողջ հայ ժողովուրդը պետք է զենք կրի, որ անհրաժեշտության դեպքում 15 րոպեում դառնա բանակ եւ մեկնի ռազմաճակատ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո):
«Պատերազմը չի ավարտվել, որովհետեւ մենք պայմանագիր չունենք, ընդամենը զինադադար ենք կնքել: 92 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ էլ լինում էր, որ օրերով չէին կրակում, բայց դա չէր նշանակում, որ պատերազմն ավարտվեց: Հիմա այդ ժամկետները երկարել են. ժամանակի խնդիր է, կարող է այսօր հարձակվեն, կարող է 10 տարի հետո հարձակվեն: Համարում եմ, որ մենք ազգովի պետք է պատրաստ լինենք: Երբ որ աշխարհազոր լինի, բոլոր տղամարդիկ զենքի տակ լինենք, կասեմ, որ մենք պատրաստ ենք»,- ասաց նա:
Ագոյի խոսքով՝ սովորական է, երբ ամբողջ բնակչությունն է զինված լինում: Հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ այսքան իրատեսական է՝ նա պատասխանեց. «Պատերազմը նույնիսկ ադրբեջանցիներից կախված չէ: Եթե դրսից ասեն՝ հարձակվեք, կհարձակվեն: Հիմա էլ են տարբեր երկրներում պատերազմներ գնում, այդ ծավալները կտարածվեն եւ մենք էլ կներգրավվենք»:
Նշենք, որ վերջին շրջանում լարվածություն կա ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմն ունի 5 զոհ, 7 վիրավոր, իսկ հակառակորդն ունի առնվազն 25 զոհ:





























