Ադրբեջանական լրատվամիջոցները կիսահիստերիկ վիճակում են հայտնվել: Ադրբեջանական մամուլին նման գնահատական է տվել տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների տեղեկատվական լուսաբանումը: Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ պաշտոնական գերատեսչությունները կոլապսի մեջ են հայտնվել, այլ կերպ ասած՝ երկար ժամանակ լռել են, ինչը ադրբեջանական հասարակությունում դժգոհություններ է առաջացրել: «Ինչ-որ պահի բախումների ժամանակ զոհվածների թվի մասին ոչ մի տեղեկություն չունեցող ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ հայթայթել հայկական աղբյուրներից» - հավելել է փորձագետը:
Ինչ վերաբերում է հայկական լրատվամիջոցներին, ապա Մարտիրոսյանը նկատեց, որ հարեւան երկրի գործընկերների համեմատությամբ՝ հայ լրագրողները բավականին գրագետ են կողմնորոշվել իրավիճակում: Անդրադառնալով տարածված հաղորդագրությունների արժանահավատությանը՝ Մարտիրոսյանը նկատեց, որ եթե սովորաբար ադրբեջանական լրագրողները համատեղում են ճշմարտությունն ու կեղծիքը, ապա այս անգամ «այնքան են շփոթվել, որ սկսել են բացարձակ կեղծ լուրեր տարածել»:




























