Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, եւ այդ խմբի շրջանակում ձեռք բերված համաձայնություններով խաղաղարար ուժեր չեն նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Մաթեուշ Պիսկորսկին՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմի վերջին ագրեսիվ գործողությունները կարո՞ղ են, արդյոք, հարմար առիթ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման համար:
Առավել եւս, ըստ լեհ քաղաքագետի, անմիջապես հարց կառաջանա, թե ո՞վ է կարեւոր դեր խաղալու այդ խաղաղարար ուժերի կազմում: «Դրան ավելանում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների միջեւ լարված իրավիճակը՝ ուկրաինական հակամարտության պատճառով: Դժվար թե նրանք կարողանան համաձայնության հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժերի ստեղծման հարցում: Ես չեմ կարծում, որ այդ ուժերի ներկայությունն այժմ անհրաժեշտություն է»,- նշեց Մաթեուշ Պիսկորսկին:
Նա նաեւ հավելեց, որ ադրբեջանական կողմի գործողություններն առայժմ սահմանափակ բնույթ են կրում, «դրանք Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի տարածք ներխուժում չեն»: Եթե ադրբեջանական գործողությունները, ըստ փորձագետի, ավելի լայնածավալ բնույթ ստանան, հնարավոր կլինի խաղաղարար ուժերի տեղակայման ճանապարհով հակամարտության լուծման ուղիներ փնտրել: «Առայժմ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ամփոփեց Մաթեուշ Պիսկորսկին:





























