Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբիյը հրաժարական է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում կատարելով ZN.ua-ին:

Հրապարակված տեղեկության համաձայն, այդ տեղի է ունեցել շուրջ 2 շաբաթ առաջ: Անդրեյ Պարուբիյը նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ իրենց առաջարկել են հայտարարել Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությունը դադարեցնելու հերթական փուլի մասին: Նա հրաժարվել է այդ անել եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել:

Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությունում նշել են, որ նման հայտարարության մասին տեղեկություն չունեն՝ հավելելով, որ Անդրեյ Պարուբիյը շարունակում է աշխատել այդ պաշտոնում եւ ներկայում աշխատանքային հանդիպման է հակաահաբեկչական գործողություն անցկացնելու հարցով: Միաժամանակ, նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկությունը: