Հայաստանի քաղաքացիները կարող են վերաձեւակերպել զինվորական թոշակները: Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
Նա նշել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված թոշակը 21.000-ից դարձել է 31.000 դրամ եւ վերանվանվել է պարգեւավճարի:
Այս թոշակը ստանում է զոհված զինծառայողի ընտանիքի յուրաքանչյուր թոշակառու, ով ծերության եւ հաշմանդամության կենսաթոշակ է ստանում: «Հարկավոր է միայն ներկայանալ Սոցապահովության ծառայության տարածքային բաժին եւ դիմում գրել»,- նշել է Սաիյանը: Ընդ որում, ցանկալի է այդ անել հնարավորինս շուտ, քանի որ կարգը հետադարձ ուժ չունի, եւ նախորդ ամիսների համար վճարներ ստանալ հնարավոր չէ:
Բարձրացել են նաեւ նախկին զինծառայողների վճարները, ովքեր հաշմանդություն են ձեռք բերել ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս: Այսպես, 1-ին խմբի հաշմանդամների վճարը 50.000-ից դառնալու է 55.000 դրամ: Կարգավիճակից եւ հաշմանդամության խմբից կախված՝ մինչեւ 50%-ի չափով ավելանալու են նաեւ զինվորական այլ վճարները:
Բարձրացումների համար անհրաժեշտ միջոցները՝ 600 մլն դրամ, պետբյուջեից չեն տրամադրվել, այլ հավաքվել են տնտեսելու շնորհիվ: «Վճարների ավելացումները վերաբերում են 12 հազար հաշմանդամների եւ 7-8 հազար զոհված զինծառայողների ընտանիքների»,- հայտարարել է Սաիյանը:





























