ՆԱՏՕ-ն լի է վճռականությամբ պաշտպանել իր դաշնակիցներին յուրաքանչյուր վտանգից: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ Դաշինքի անվտանգության վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցության քննարկումների ընթացքում:

Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը, գլխավոր քարտուղար Ռասմուսենի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթաժողովն Ուելսում վճռական պահ կլինի Դաշինքի համար: «Մենք մեր պատրաստվածության մակարդակի բարձրացման գործողությունների ծրագիր կմշակենք, թե ինչ ուժերի կարիք կունենանք, որտեղ են դրանք տեղակայվելու, որքան արագ դրանք կկարողանան արձագանքել եւ ինչպես համալրել դրանք»,-նշել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն վերանայում է իր պաշտպանական ծրագրերը, մշակում է ուսուցման նոր գրաֆիներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի համալրման ուղիներ է դիտարկում:

Ռասմուսենն ընդգծել է. «Սրանք ամբիցիոզ ծրագրեր են: Մեզ ռեսուրսներ են հարկավոր: Գագաթաժողովում ես բոլոր դաշնակիցներից ակնկալում եմ պարտավորություն ավելին ներդնել պաշտպանության գործում այն ժամանակ, երբ մեր տնտեսությունը վերականգնվում է»,- եզրափակել է նա: