Եվրասիական տնտեսական միությունն անցնում է ֆինանսական միասնական շուկայի ստեղծման աշխատանքներին: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդլայնում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ազգային արժույթների կիրառությունը ԵՏՄ շրջանակում: Նաեւ աշխատանքներ են տարվում եվրասիական ինտեգրման շրջանակում միասնական վճարային համակարգ ստեղծելու ուղղությամբ: Պարբերականի փորձագետների կարծիքով, այս գաղափարներն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի մտածել նաեւ միասնական արժույթի ստեղծման մասին: Նրանց կարծիքով, այս բոլոր գործընթացներն այժմ շատ արդիական են՝ ռուսական ֆինանսական հատվածի նկատմամբ Եվրամիության եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո:

«Իհարկե, միասնական արժույթի ստեղծումը մեկ տարվա գործ չէ: Ամեն դեպքում, իրավիճակը նույնպես ճգնաժամային չէ: Շարքային սպառողները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, չեն զգա»,- կարծում է «ՌԳ»-ի փորձագետները: Իսկ նրանք, ովքեր մտավախություններ ունեն, դրամական միջոցների համար այլ ապաստան են փնտրում եւ գտնում են Չինաստանում ու Հոնկոնգում:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին փաստաթուղթ ստորագրվեց՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մասնակցությամբ: Հայաստանը նույնպես հայտնել է կազմակերպությանը միանալու մտադրության մասին. ԵՏՄ-ին Երեւանի անդամակցության հարցը նախանշված է այս տարեվերջին: