Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ նա ծնվել է 1941թ. փետրվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան:
Պետրոս Տեր-Պետրոսյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի եւ կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ: Տեր-Պետրոսյանը եղել է Խորհրդային Հայաստանի խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից մեկը: Նա ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր էր:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին ցավակցությունն է հայտնել Հայ Ազգային Կոնգրեսը:
Տեղեկացնենք, որ Պետրոս Տեր-Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, ժամը` 18.00-20.00-ը: Հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ին` նույն վայրից:





























