Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի մահը հարազատի նման են ընդունել ու սգացել նրա ծառայակից ընկերները. ավագ լեյտենանտին իր ծառայակիցները հիշում են՝ որպես խիզախ, ընկերասեր, հոգատար մարդու:

«Շատ ընկերասեր էր, մարդամոտ: Տարբերություն չէր դնում սպայի ու զինվորի միջեւ, զինվորի հետ այնպես էր, ինչպես ուղղակի մարդը մարդու հետ: Շատ ուշադիր էր զինվորների հանդեպ, գիտեր՝ ով ինչ խնդիրներ ունի, զրուցում էր զինվորների հետ, խորհուրդներ տալիս: Միշտ պատրաստ էր օգնել բոլորին, անել այնպես, որ իր զինվորներին ոչինչ չպատահի՝ անգամ իր կյանքը վտանգելով»,-NEWS.am-ին ասաց նրա նախկին ծառայակից ընկերներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

Ծառայակցի խոսքով՝ Զորիկ Գեւորգյանը, որը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել ու արդեն 5 տարի է՝ ծառայում էր հայոց բանակում, ոչ միայն ունեցած փորձն ու գիտելիքներն է փոխանցել զինվորներին, այլեւ նրանց համար եղել է ավագ ընկեր, խորհրդատու. «Ինքը մի խոսք էր ասում, որ շատերը կհիշեն: Ասում էր՝ երեք սեր կա՝ առաջինը ընտանիքի անդամների հանդեպ, որը գալիս է քո օրորոցի մոտ, երբ լաց ես լինում, երկրորդը՝ ընկերների, որոնք, երբ կռիվ ես անում, գոռալով վազում են քեզ մոտ, երրորդը հայրենիքի հանդեպ սերն է, երբ դու խրամատում կանգնած ես, մի կողմում հայրենիքդ է, մյուս կողմում՝ հակառակորդդ»:

Նա պատմեց նաեւ, որ Զորիկը սիրել է նկարել ու բանաստեղծություններ գրել:

Նշենք, որ Զորիկ Գեւորգյանն ապրում էր Վանաձորում՝ ծնողների եւ քրոջ հետ, ամուսնացած չէր: Նա ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհվել էր ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն կա ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: