Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Ազատ Ասոյանը հակառակորդից չէր վախենում. ծառայակից ընկերներին միշտ ասում էր` «եթե հակառակորդը դուրս գա դեմս, ինչքան կարամ, հետս կտանեմ, մենակ չեմ գնա էս աշխարհից»:
«Դիրքեր բարձրանալուց ընդհանրապես չէր վախենում: Համարյա միշտ, որ իր հերթը չի եղել, ինքնակամ խնդրել, բարձրացել է: Դիրքերում ինքն իրեն լրիվ ուրիշ ձեւ էր դրսեւորում` զգոն, ուշադիր: Ամեն մանրուքի ուշադրություն էր դարձնում: Դեպք է եղել, որ իր հերթը չի եղել խրամատում կանգնելու, բայց որ ընկերը հիվանդ էր, նրա խաթր ավելի քան հինգ ժամ ձմռանը կանգնել է», -NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ազատի ծառայակից ընկերներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:
Նրա խոսքով` Ազատը բոլորի հանդեպ հոգատար ու բարեսիրտ է եղել: Ծառայությունն ավարտելուց հետո զոհված զինծառայողը պլանավորում էր ամուսնանալ. «Ասում էր` գնամ սիրածս աղջկան առաջարկություն անեմ, ամուսնանամ: Ամենից շատ իր ընկերուհու, իր ծնողների ու ընկերների մասին էր խոսում: Որ օտպուսկից գալիս էր, ասում էր` գնում եմ, ձեզ եմ կարոտում, գալիս եմ` իրենց»:
Հիշեցնենք, որ Ազատ Ասոյանը Երեւանից էր, աշնանը պետք է զորացրվեր: Մինչեւ զորակոչվելը նա ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, զորացրվելուց հետո պետք է շարունակեր ուսումը: Նա նաեւ սպորտով էր զբաղվել, նկարահանվել էր սերիալում: Ազատ Ասոյանին հուղարկավորել են Եռաբլուրում:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր:





























