Եվրասիական տնտեսական միությանը դեռ չանդամակցած, Հայաստանն իր մաշկի վրա զգում է սանկցիաների հետեւանքները, գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Բոլորովին վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ու այդ համատեքստում Հայաստանի՝ ԵՏՄ–ին անդամակցելու հեռանկարի մասին, հայտարարել էր, թե «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ–ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման եւ ռազմավարական շահերից։ Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»:
Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ–ին չանդամակցած Հայաստանն սկսել է իր մաշկի վրա զգալ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետեւանքները։

ՌԴ տնտեսության մեջ սկսված վայրիվերումների առաջին նախանշաններից մեկը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների նվազումն է։

«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ–ից ՀՀ ֆիզիկական անձանց միջոցով եկել է ավելի քան 369.5 մլն դոլար, իսկ այս տարի փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար։ Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին՝ 134 մլն»,– գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: