Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում օգոստոսի 5-ին վրաերթի ենթարկված 16-ամյա Արա Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նրան տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին ասաց Եղեգնաձորի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանը:

«Երկու եղբայրները՝ 14-ամյա Դավիթ եւ 16-ամյա Արա Սարգսյաններն են վրաերթի ենթարկվել: Ճանապարհին Դավիթը մահացել է, իսկ Արան էլ բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ ողնաշարի, պարանոցի, անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել ենք եւ տեղափոխել Երեւան»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կիլոմետրի հատվածում՝ Եղեգնաձոր մտնող ճանապարհին, հենց արագաչափի մոտ:

Մեր տեղեկություններով՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխաները միակողմանի ծնողազուրկ են, իսկ մայրն էլ աշխատում է Եղեգնաձորի հիվանդանոցում: