Սահմանին հեղված արյան ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ զինվորական ղեկավարության վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդի վերջին դիվերսիաները անհանգստություն են առաջացրել միջազգային հանրության մոտ: Համապատասխան հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Ես զրուցել եմ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի դեսպանների, Վրաստանի պաշտպանության նախարարի հետ»,-ասել է Օհանյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը միջազգային ատյաններին: «ՀՀ Զինված ուժերը պաշտպանում են իրենց բնակչությանն ու սահմանները: Հակառակորդը փորձում է ապատեղեկացնել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ սեփական բնակչությանը՝ ատելություն սերմանելով հայերի նկատմամբ»,-ընդգծել է նախարարը:

Սեյրան Օհանյանը ցավով արձանագրել է, որ հայկական կողմը զոհերի գնով ստիպված է ապացուցել իր հավատարմությունը խաղաղությանը: «Եւ հայ, եւ ադրբեջանցի զոհերի ողջ պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ զինվորական ղեկավարության վրա: Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ստի զոհն է դարձել՝ ներկայացնելով իր բանակը որպես անպարտելի, եւ սեփական ժողովրդի աչքում հայտնվել փակուղում»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը վերջին օրերին տվել է 6 զոհ, իսկ Ադրբեջանի կողմի զոհերի թիվը 8-9 անգամ ավելի է: