Ռուսաստանի Սմոլենսկի մարզի դատարանը տուգանել է «Ֆանտի» մանկական խաղի արտադրողին նույնասեռականության քարոզչության համար:
«Ֆիրմայի տնօրենը մեղավոր է ճանաչվել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը արգելող օրենդրության խախտման մեջ եւ տուգանվել է 45 հազար ռուբլու չափով»,-Դեմիդովյան շրջանային դատարանի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»: Սմոլենսկի շրջանի դատախազության կողմից մանկական խաղի մեջ նույնասեռականության քարոզչությունը այս տարվա փետրվարին էր հայտնաբերվել:
Ինչպես պարզաբանել են դատախազությունում, խաղացողներին առաջարկվել է «պատկերացնել միասեռ զույգի հանդիպում», «տղամարդկանց սիրող Ռեմբոյին», «ամոթխած մերկապարողին», «համբուրել մեկը մյուսի որովայնը», «բոլորին պատմել՝ ինչու եք այսօր եկել առանց ներքնազգեստ», ինչպես նաեւ պատկերացնել իրենց «երաժշտական էրոտիկ սարսափ ֆիլմի ռեժիսոր»: Ընդ որում, խաղի փաթեթավորման վրա նշված է եղել՝ 12 տարեկանից բարձր երեխաների համար:





























