Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով շփման գծում ադրբեջանական կողմի վերջին ագրեսիվ գործողություններին:
Նրա խոսքով՝ վերջին օրերին Ադրբեջանը համոզվեց, որ հայկական բանակը առավել մարտունակ է, քան իրենք ենթադրում էին: «Պատերազմ պետք չէ ոչ մի գերտերության, գոնե այս պահի դրությամբ: Առանց այդ երկրների համաձայնության Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել»,-ասել է Շիրխանյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբում կան գրագետ մարդիկ, որոնք կարող են ճիշտ հաշվարկներ անել եւ հասկանալ, որ Բաքուն պարտություն կրելու ավելի մեծ շանսեր ունի, քան հաղթանակ տանելու:
Բանակը, Շիրխանյանի համոզմամբ, հաղթում է, եթե կա մարտական ոգի, իսկ այն ադրբեջանական բանակում բարձր չէ:
Պաշտպանության նախկին նախարարը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի կողմից խելացի քայլ կլիներ հենց այս պահին խաղաղ համաձայնագիր կնքել: «Ալիեւը չպետք է մոռանա, որ մենք շատ մեծահոգի կերպով կանգ առանք պատերազմի ժամանակ, ադրբեջանական կողմը միշտ պետք է հիշի, որ այն ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, կարող է կրկնվել»,-ամփոփել է Շիրխանյանը:





























