Ղարաբաղյան գոտում զինված ուժերի շփման գծում անհրաժեշտ է վերահսկողության էլեկտրոնային համակարգ տեղադրել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով սահմանամերձ միջադեպերի կրճատման հարցին:
Նախկին փոխնախարարի համոզմամբ՝ այդ համակարգի օգնությամբ հայկական կողմը կարող է ապացուցել միջազգային հանրությանը, որ հարձակումները ադրբեջանական կողմի նախաձեռնություններն են, որ դիվերսիան իրականացված է Ադրբեջանի կողմից: «Էլեկտրոնային սարքավորումների օգնությամբ սահմանների ամրացման բազմաթիվ հնարավորություններ կան: Հայաստանի պաշտպանության նախարարը պարտադիր պետք է նախաձեռնի համակարգի տեղակայումը: Մեր ժամանակներում նման հնարավորություն չի եղել: Այժմ, փառք Աստծո, այն գոյություն ունի», - ընդգծեց Վահան Շիրխանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























