Պատերազմի վտանգ կար, բայց հիմա չկա, ամեն ինչ նորմալ է. մեր բանակն ապացուցեց, որ ավելի քան պատրաստ է պատերազմին: NEWS.am-ի հետ զրույցում սահմանին առկա լարվածության մասին այսպիսի կարծիք հայտնեց երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը:

«Բանակը պատրաստ է, ժողովուրդն էլ հետն է պատրաստ, ուղղակի մի քանի պանիկյորներ կան, որոնց կարծիքը չպետք է հաշվի առնել: Նույնիսկ եթե ժողովրդի փոքր տոկոսն էլ կանգնի ոտքի, հերիք է, որ միասնական լինենք»,- ասաց նա:

Դավիթ Ամալյանի պնդմամբ՝ նույնիսկ իշխանություններից դժգոհ լինելը չեն կարող ժողովրդին հետ պահել սեփական երկրի սահմանները պաշտպանելուց. «Սոցիալական հարցը միշտ էլ ասել եմ՝ հայերի համար առաջնային չէ, ամեն դեպքում կցանկանայի, որ կռիվ չլիներ, մարդիկ չտեսնեին դա»:

Նշենք, որ հարյուրավոր ազատամարտիկներ արդեն մեկնել են մարտական դիրքեր՝ զինվորներին քաջալերելու եւ նրանց հետ սահմանը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ վերջին օրերին լարված է սահմանին: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am