Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննելու է օգոստոսի 13-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց բարերարի եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը:

«Լեւոն Հայրաետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, վիճակը ծանր է, այդ պատճառով մենք ուզում ենք, որ նրան կամ հիվանդանոց տեղափոխեն, կամ տնային կալանք սահմանեն: Հիմա օգոստոսի 13-ին կորոշվի ամեն ինչ, իսկ սեպտեմբերի 15-ից էլ արդեն դատերն են սկսվում»,- ասաց նա:

Ձերբակալությունից օրեր անց Գուրգեն Հայրապետյանն ու հայրը մեկնել էին Մոսկվա, իսկ վերջինիս արդեն հաջողվել էր կալանավայրում տեսակցել հայ բարերարին. «Լեւոն Հայրապետյանի եղբայրն ու դուստրը պատմում են, որ նա զարմացել է, որ նման բան է տեղի ունեցել, ինքը մենակ ֆիզիկապես է վատ, իսկ հոգեպես գիտեք՝ ղարաբաղցիները ոնց են լինում. կոտրված չի, ընկճված չի, ուժեղ է»:

Չնայած Լեւոն Հայրապետյանը ձերբակալված է, այնուամենայնիվ, նրա բարեգործական ծրագրերը շարունակվում են իրագործվել: Գուրգեն Հայրապետյանի խոսքով՝ գործարարի բանկային հաշիվները սառեցված չեն, նրա հյուրանոցներն ու ռեստորանները աշխատում են սովորական հունով:

Նշենք, որ օգոստոսի 7-ին Երեւանում երթ տեղի կունենա՝ ի պաշտպանություն հայ բարերարի:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: