Ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին, որ եվրասիական ինտեգրման գործընթացն ինքնին վտանգի տակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հետաձգմանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանը կխուսափի ԵՏՄ-ին անդամակցության ճակատագրից:
Պատգամավորի համոզմամբ, այդ ամբողջությամբ քաղաքական գործընթաց է: «Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին Ռուսաստանը ղեկավարվում է միայն քաղաքական շահերով: Տեխնիկական հարցերը հնարավոր է լուծել մեկ օրվա ընթացքում, ինչպես Ռուսաստանը հաճախ անում է: Այդ երկիրը 10 տարի շարունակ բանակցություններ էր վարում Չինաստանի հետ գազի գնի խնդրի շուրջ, եւ տեխնիկական պատճառներով ոչ մի առաջընթաց չէր արձանագրվում: Սակայն բավական էր քաղաքական որոշում կայացնել, եւ մեկ օրվա ընթացքում Պեկինում ստորագրվեց այդ պայմանագիրը, քանի որ Ռուսաստանին այդ անհրաժեշտ էր քաղաքական տեսանկյունից»,- ասաց Արզումանյանը:
Ըստ նրա, նույնը տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության պարագայում: «Պայմանագրի տեքստում բազմաթիվ տնտեսական հարցեր կային, որոնք որոշ չափով սահմանափակում էին Բելառուսի եւ Ղազախստանի հնարավորությունները: Բայց այս դեպքում նույնպես մեկ օրվա ընթացքում որոշում ընդունվեց անտեսել այդ բոլոր հարցերը եւ բոլորի համար ընդունելի, տնտեսական բովանդակությամբ տեքստ ընդունել: Նույնը տեղի է ունենում Հայաստանի պարագայում: Եթե հիշում եք, մեզ բացատրում էին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն արագացվում է, որպեսզի մենք կարողանանք ԵՏՄ-ի լիիրավ անդամ դառնալ, բայց իրականում իշխանությունները խաբում էին մեզ, քանի որ գիտակցում էին, որ Ղազախստանն ու Բելառուսը չեն ցանկանա, որպեսզի Ռուսաստանը ԵՏՄ-ում երկու ձայն ունենա»,- ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ստորագրվեց այս տարվա մայիսի 29-ին: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը նախատեսվում է լուծել մինչեւ այս տարեվերջ:





























