Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների գների մասին տեղեկատվությունը։

Համաձայն այդ տվյալների՝ սպառողական գների ինդեքսը 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 7,6 տոկոսով։

Նշենք, որ համապատասխան ցուցիչը, ընթացիկ տարվա հունվարին կազմելով 7,0 տոկոս, հունվար-մարտ ամիսներին աճել է մինչեւ 8,4 տոկոս, իսկ հունվար-ապրիլի արդյունքներով փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 8,0 տոկոս։ Այս կերպ, գները, առաջին հայացքից, կարծես թե կայունացել են։

Սակայն, եթե ամսվա կտրվածքով նայելու լինենք գների դինամիկային, ապա այլ պատկեր կստացվի։ Այսպես, անցած դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը ապրիլին աճել է մինչեւ 4,2 տոկոս, իսկ մայիսին կազմել 5,3 տոկոս։ Սա վկայում է գների շարունակական բարձրացման մասին։  «Բնակվարձի, վառելիքի եւ էլեկտրաէներգիայի» խմբի գները  հունվար-մայիս ամիսներին աճել են 13,8 տոկոսով։ Դժվար չէ կռահել, որ այս ռեկորդն ապահովել է բնական գազի սակագնի բարձրացումը։

Պարենային ապրանքների գները ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճել են «ընդամենը» 5,5 տոկոսով։

Սպառողները ստիպված կլինեն հագուստ եւ կոշիկ գնել 11,4 տոկոս թանկ գներով, քան անցած տարվա հունվար-մայիս ամիսներին, իսկ բուժսպասարկումը եւ դեղորայք կպահանջեն 8,8 տոկոսի ավելորդ գումարի վատնում։