Իրաքի Մոսուլ քաղաքում կառավարական ուժերի եւ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալ-սուննիների միջեւ արյունալի բախման հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթեր» գործակալությանը:

Մոսուլը Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը եւ երկրի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգի կենտրոնը, մոտ երկու ամիս առաջ ծայրահեղականների վերահսկողության տակ էր անցել: Ջիհադիստներն այնտեղ ոչնչացրել են մի շարք կրոնական օբյետկներ, ինչպես նաեւ հալածանքների ենթարկել այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել քաղաքի կենտրոնական մասում տեղակայված գտնվող բանտի ուղղությամբ: Վերջինս զինյալների կողմից օգտագործվում էր՝ որպես պատանդներ պահելու վայր: Իրաքյան հետախուզության տվյալներով՝ հարվածի հետեւանքով մոտ 60 զինյալ է զոհվել: Հատուկ գործողության արդյունքում մոտ 300 գերիներ ազատ են արձակվել: