2010 թվականին նախատեսվում է աղետի գոտում բնակարանով ապահովել 1624 ընտանիքի, այդ թվում Գյումրիում` 1056, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում` 306, Սպիտակում` 220, Ստեփանավանում` 42: Այս մասին այսօր` հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ հավելելով, որ աղետի գոտու վերականգնողական աշխատանքների ողջ գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական եւ ամենօրյա վերահսկողության ներքո:

Նա տեղեկացրեց, որ աղետի գոտում բնակարանների բաշխումն իրականացնող հանձնաժողովը ղեկավարում է ինքը, որն իր արտագնա նիստերն անցկացնում է շահառուների ներկայությամբ, որտեղ էլ քննում է նրանց գործերը:  Նախարարի ներկայացմամբ, Գյումրիում ուսումնասիրությունից հետո բնակարան ստացողների ցուցակում ընդգրկվել է 1356 ընտանիք: «Բնակարանների բաշխումն իրականացվում է հրապարակային վիճակահանությամբ, ըստ սենյակների թվի՝ նույնանման բնակարաններ ստացող ընտանիքների միջեւ, ընդ որում ընտանիքի ներկայացուցիչն անձամբ ինքն է արկղիկից դուրս բերում իր ապագա բնակարանի համարը»,- ասաց Վ. Վարդանյանը:

Այնուհետեւ, անդրադառնալով աղետի գոտում բնակարանաշինության որակին, նախարար Վարդանյանը խոստովանեց, որ նախկինում այդքան լուրջ չեն մոտեցել այդ խնդրին: «Ի սկզբանե մենք պետք է ավելի լուրջ մոտենայինք այդ խնդրին, ինչպես հիմա ենք մոտենում, այդ դեպքում նման թերություններ չէին լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագահի այցից հետո ե’ւ նախարարությունը, ե’ւ շինարարական կազմակերպությունը վերացրել են թերությունները: Նախարարի խոսքով, աշխատանքից ազատվել են շինարարության որակի հետ առնչություն ունեցող եւ իրենց գործը թերի կատարած մասնագետները։

Հիշեցնենք, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարանները բաշխելու համար մինչեւ այսօր անցակացվել է 6 վիճակահանություն, որին մասնակցել է 810 ընտանիք: Մնացած բնակարանների բաշխման վիճակահանությունը նախատեսվում է ավարտել մինչեւ հունիսի 25-ը: Բացի այդ, մինչեւ 2011 թ. Գյումրիի Անի եւ Մուշ թաղամասերում ընդհանուր հաշվով նախատեսվում է կառուցել 59 շենք` 3030 բնակարանով: Դրանցից 22-ը 1056 բնակարանով արդեն այս ամսվա վերջին կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 37-ի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: