Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայ հայտարարությունը ցույց է տալիս հայերի իրավիճակը Թուրքիայում եւ ռասիզմը, որին նրանք ենթարկվում են այդ երկրում Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը:
«Ատելության քաղաքականության դեմ պայքարելու փոխարեն, որը հանգեցրել է այդ ողբերգությանը, Թուրքիայի իշխանությունները շարունակում են մինչ օրս իրագործել դրա մեխանիզմները: Թուրքիայի պետությունը, որը կառուցված է հայ ժողովրդի դիակների, նրա քրիստոնեական շինությունների ոչնչացման եւ քրդերի ճնշումների վրա, մինչ օրս չի ազատվել հանցագործի տրամաբանությունից:
Էրդողանի խոսքը, ով նախքան հայերի հանդեպ իր ատելությունը ցուցադրելը, ժխտում էր ցեղասպանությունը, այն իրավիճակի արդյունքն է, որը շատ երկար է տեւում եւ որից պետք է իրեն պաշտպանի Եվրոպան: Բախվելով ատելության այդ մթնոլորտի արտահանման վտանգին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կրկին կոչ է անում Ֆրանսիային եւ ԵՄ երկրներին արիություն եւ հաստատակամություն ցուցաբերել ռասիզմի եւ ժխտողականության դեմ պայքարի իրենց օրենսդրություններում, որոնք այդ հանցավոր գաղափարախոսության երկու անքակտելի բաղադրիչներն են»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։





























