Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին հասցեին արված վիրավորական արտահայտության հետ կապված քննադատական հայտարարություն է տարածել «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ MHP-ի հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին՝ Թուղրուլ Թյուրքեշը քննադատել է հայ լինելը վատ բան համարող Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Այս անգամ պարոն Էրդողանի խտրական վերաբերմունքի եւ ատելության զոհերը դարձան մեր հայ քաղաքացիները։
Մենք պարոն Էրդողանի համար 21-րդ դարից նորություններ ունենք։ Հայ լինելը ոչ հանցանք, ոչ արատ, ոչ կեղտոտ բան, որ էլ ամոթ։ Նրա կիրառած արտահայտությունը տեղավորվում է «ատելության հողի վրա հանցանք» հոդվածի մեջ։
Մենք դատապարտում ենք վարչապետի խտրական վերաբերմունքը եւ մեր հայ քաղաքացիներին համերաշխության ուղերձ հղում»,-նշվել է Թուղրուլ Թյուրքեշի հայտարարության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։




























