Համաշխարհային բանկը Ուկրաինային 500 մլն դոլար կհատկացնի՝ այդ երկրի բանկային համակարգին աջակցելու նպատակով: Այս մասին օգոստոսի 7-ին հայտարարել է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հարցերով տնօրեն Չիմյաո Ֆանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ֆանի խոսքով՝ դա ՀԲ-ի՝ Ուկրաինային աջակցելու փաթեթի առաջին մասն է, իսկ աջակցության ընդհանուր ծավալը կազմելու է 3,5 մլրդ դոլար: Այս փաթեթը հավանության է արժանացել այս տարվա մարտին:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում ՀԲ-ի վարկային պորտֆելը ներառում է 12 նախագիծ եւ 4,2 մլրդ դոլարի վարկ:

Ուկրաինայի ֆինանսների նախարարության համաձայն՝ վարկը տրամադրվում է 16 տարով, արտոնյալ ժամկետով, փոփոխական տոկոսադրույքով (6-ամյսա LIBOR+ փոփոխական սփրեդ), մեկանգամյա կոմիսիան կկազմի 0,25 տոկոս:

Միջոցները կփոխանցվեն Ուկրաինայի պետական բյուջե: Ինչպես նշել է ՀԲ ներկայացուցիչ Չիմյաո Ֆանը, վարկերը կուղղվեն երկրի բանկային համակարգի վերականգնմանը, մասնավորապես, դեպոզիտների երաշխավորման հիմնադրամի աջակցությանը: