Օգոստոսի 7-ին ռուսամետ ակտիվիստները Ենակիեւոյի մերձակայքում ուկրաինական ՄիԳ-29-ի են խփել: «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հակաահաբեկչական գործողության մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:
«Մոտավորապես կես ժամ առաջ Ենակիեւոյի մերձակայքում խփվել է մեր կործանիչը: Ամենայն հավանականությամբ, դրա ուղղությամբ կրակել են «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրից»,- ասել է նա՝ հավելելով, որ օդաչուն փորձել է ինքնաթիռը հեռու տանել բնակելի շրջաններից:
Սելեզնյովի տեղեկացմամբ, օդաչուն ողջ է: Ներկայում որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում:
Նույն օրը երեկոյան ռուսամետ ակտիվիստները կրակ են բացել Մի-8 ուղղաթիռի վրա: Այս մասին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է Հակաահաբեկչական գործողությունների շտաբի մամուլի քարտուղար, սպա Ալեքսեյ Դմիտրաշկովսկին: Նրա խոսքով՝ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել, սակայն վայրէջքի տեղի մասին չի հաղորդվում «ուղղաթիռի անձնակազմի, ուղեւորներին կյանքի եւ առողջության պահպանման նկատառումներից ելնելով»: Նա ընդգծել է, որ բոլոր միջազգային օրենքներով այդպիսի տրանսպորտի վրա կրակ բացելն արգելվում է:
Ավելի վաղ «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը Facebook-ի իր էջում գրել էր, որ «խփել են Հակաահաբեկչական գործողությունների ուժերի Մի-8 սանիտարական ուղղաթիռը, որը վիրավորների էր տեղափոխում»:





























