ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն օրերս աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում եւ տեղում ծանոթացել Սեւան-Մարտունի-Գետափ  միջպետական ճանապարհի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սեւան-Մարտունի-Գետափ  միջպետական ճանապարհի Լճաշեն գյուղի հատվածում Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 2,5 կիլոմետրանոց ճանապարհը վնասվել էր եւ  մնացել ջրի տակ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նախարար Մ.Վարդանյանին ճանապարհաշինարարները տեղեկացրել են, որ անցած տարի պետական բյուջեի միջոցներով ճանապարհի այդ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ եւ կառուցվել է գաբիոնի հենապատ:

Ներկայումս ճանապարհի հողային աշխատանքները շարունակվում են եւ մինչեւ այս ամսվա վերջ կավարտվեն, որից հետո կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հուլիսի վերջին եւ արդյունքում  միջպետական ճանապարհի այդ հատվածը նախատեսվում է բարձրացնել  մոտ 3 մետրով` ճանապարհը դարձնելով երթեւեկելի:

Նշենք, որ տեղում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են  Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը,  Համաշխարհային բանկի` ճանապարհածածկի ստանդարտների գծով ամերիկահայ փորձագետ, պրոֆեսոր Սերժ Ամիրխանյանը, «Հայջրնախագիծ» եւ «Ճաննախագիծ» ինստիտուտների մասնագետները, ճանապարհաշինարարները, քննարկվել են ճանապարհի նախագծմանը, շինաշխատանքների ընթացքին ու որակին առնչվող հարցեր: