Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ժամանակ չունի պատասխանել դատախազության անապացույց մեղադրանքներին եւ բանտ նստել:
«Գալ Վրաստան ռուս օլիգարխ Իվանիշվիլիի ցանկությունը բավարարելու համա՞ր: Ես դրա համար ժամանակ չունեմ… Գալ Վրաստան, նստել ընդհատակում եւ հրաժարվել այն ամենից, ինչով ես զբաղվո՞ւմ եմ», - հայտարարել է Սահաշվիլին Վարշավայի վրացական հեռուստաալիքի եթերով:
«Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից, սակայն ես այնուամենայնիվ հպարտ եմ, որ նրանք այնքան են փնտրել եւ պրպտել, ու վերջիվերջո, միակ բանը, որ գտել են Իրակլի Օքրուաշվիլիի ցուցմունքն է, որին մենք հեռացրել ենք կոռուպցիայի եւ կեղծ մեղադրանքների համար», - ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիա»-ն:
Սահակաշվիլին շարունակում է պնդել, որ քրեական գործը հարուցվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ: Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ հեռակա նախնական կալանք սահմանել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ:





























