Այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 1 միլիոն 78202 մուտքային սահմանահատում եւ 1 միլիոն 164071՝ ելքային: Սահմանային գրանցումների բացասական հաշվեկշիռը կազմել է 85869: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Հիմնականում սահմանային հատումների բացասական հաշվեկշիռը ձեւավորվել է Բագրատաշենում՝ 43629, որին հաջորդում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ 41665: Գյումրիում բացասական հաշվեկշիռը 2933 է, սակայն, օրինակ, Գոգավանում դրական հաշվեկշիռ է գրանցվել՝ մուտքային սահմանահատումները 705-ով ավելի էին:
Կարինե Կույումջյանի խոսքով՝ հասանելի է նաեւ մեկ այլ ցուցանիշ, որում նույն մարդու մուտքերն ու ելքերը արդեն նույնականացված են: Ըստ այս տվյալների՝ 664607 անձ այս վեց ամիսների ընթացքում մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, եւ 740483 անձ մեկնել է Հայաստանից դեպի այլ երկրներ:
Միգրացիայի գնահատված ցուցանիշը 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով կազմել է 11800՝ 4500 կազմած բնական հավելաճի համեմատ:
Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, որ 2014 թվականի առաջին կիսամյակում մեր երկրում ապաստան է հայցել 63 մարդ՝ 36 տղամարդ եւ 27 կին: 66 մարդու փախստականի կարգավիճակ է շնորհվել, իսկ 9 անձի վերաբերյալ փախստականի կարգավիճակը դադարեցվել է:




























