Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստն արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը: Օգոստոսի 10-ին Սոչիում Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպման մասին Karabakh-open.info գործակալության հարցին ի պատասխան՝ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Ըստ նախարարի, ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի եւ խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:
«Կարեւոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռեւս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաեւ Ադրբեջանի նախագահի՝ Բաքու վերադառնալուց հետո»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը:
Նա նաեւ հավելել է, որ «ԼՂՀ իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ եւս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման եւ հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում»:





























