Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` առաքելության ավարտի կապակցությամբ:
Տարածքային կառավարման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գեւորգյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ, օգտակար եւ հետաքրքիր համագործակցության համար: ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին համագործակցությունը համարել է փոխշահավետ, իսկ Հայաստանում պաշտոնավարման տարիները` մեծ փորձառություն իր համար: Նա նշել է, որ Հայաստանում ՀԲ-ի ծրագրերի իրագործման դրական մեծ փորձ կա, որը նախատեսում են ներկայացնել նաեւ այլ երկրներում: Ա. Վարուդակիսը գոհունակությամբ նկատել է, որ Հայաստանի կառավարության հետ իրականացված համատեղ աշխատանքը օգտակար է եղել Հայաստանի համար` հաղթահարելու ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարությունները եւ ունենալու որոշակի արդյունքներ:
Ա. Գեւորգյանը նկատել է, որ ՀԲ երեւանյան գրասենյակի կողմից նախանշված բոլոր ծրագրերը նախապատրաստվում են գրագետ ու խնամքով, բավական հաջողությամբ իրականացվում են եւ ունենում գործնական նշանակություն: Փոխվարչապետի խոսքով` շատ ոլորտներում բարեփոխումների իրականացումը ՀԲ աջակցությամբ դարձել է ավելի իրատեսական:




























