2003 թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը` փոքր ՀԷԿ -երից էլեկտրաէներգիայի գնման ֆիքսված սակագին սահմանելու մասին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համարում է արդարացված որոշում:
Դրա շնորհիվ, ըստ նրա, ներդրողները հնարավորություն ստացան ինքնուրույն գնահատելու իրենց ռիսկերը` անկախ այլ մարմիններից: Դրանից հետո Հայաստանում կառուցվել է 80 փոքր ՀԷԿ, եւս 70-ը կառուցման փուլում է, շարունակվում են ստացվել հայտեր: Որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ ներկայում գործող սակագինը` 18,5 դրամ 1 կվտ էլեկտրաէներգիայի համար, այլեւս չի նպաստում փոքր ՀԷԿ-երի շինարարության ընդլայնմանը, քանի որ չի ծածկում ներդրումային ծախսերը:
Սակայն Ռ. Նազարյանի կարծիքով` առայժմ սակագինը վերանայելու անհրաժեշտություն չկա: «Սակագինը վերանայվում է տարին մեկ անգամ` դեկտեմբերին, կախված դոլար-դրամ փոխարժեքից եւ գնաճից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործող սակագինը փոքր ՀԷԿ-երին թույլ է տալիս բնականոն աշխատել: Բայց որոշ տեղերում կան տրանսպորտային բարդություններ, կամ ցանցին միանալու համար ավելի երկար հոսքագծեր է պետք կառուցել: Եթե անհրաժեշտություն լինի, նման դեպքերում, այո, սակագինը կարելի է վերանայել»,- ասում է Ռ. Նազարյանը:




























