Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Ախալքալաք քաղաքում, որտեղ նախկինում ռուսական ռազմաբազա էր տեղակայված, նախնական ռազմական ուսուցման կենտրոն են կառուցում: Շենքի հիմնադրման արարողությանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

«Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Այստեղ խորհրդային բանակ է եղել, եւ այսօր այս վայրը նոր իմաստ է ձեռք բերում», — նախարարի խոսքերն է մեջբերում «Նովոստի Գռուզիա» գործակալությունը:

Ըստ նախարարության տվյալի՝ ռազմակայանում Վրաստանի ԶՈՒ-ի նորակոչիկները նախնական ռազմական ուսուցում կստանան, որից հետո կվերաբաշխվեն տարբեր ստորաբաժանումներ:

Կենտրոնի շինարարությունն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը պիտի ավարտվի 2015 թ. վերջին: Երկրորդ փուլը  նախատեսում է մարզահամալիրի եւ հանրակացարանի շինարարություն՝ սերժանտների եւ սպաների համար, մանկապարտեզի եւ այլ կառույցների շինարարություն:

Շինարարությունը կավարտվի 2019 թ.:

Հիշեցնենք, որ 2007 թ. հունիսին Ռուսաստանը Վրաստանին է հանձնել Ախալքալաքում թողած 62-րդ ռազմաբազան: