Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացրել է երկրի գլխավոր դատախազությունը:
Գերատեսչությունում նշում են, որ հետախուզման մասին որոշումն արդեն փոխանցվել է ՆԳՆ-ին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, Վրաստանի սահմանը հատելուց անմիջապես հետո Սահակաշվիլին ձերբակալվելու է:
Դատախազությունում նաեւ հիշեցնում են, որ ավելի վաղ դատարանը վճիռ էր հրապարակել Միխայիլ Սահակաշվիլիին հեռակա ձերբակալելու մասին:
Նախկին նախագահին մեղադրանք են առաջադրել քրեական երեք գործով: Օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ Միխայիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի եւ պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիի հեռակա նախնական կալանքի մասին որոշում կայացրել:
Հետաքննությունն անցկացվում է 2007թ. նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքը քանդելու եւ դրա սեփականատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունն առգրավելու շուրջ քրեական գործով: Դրա շրջանակում մեղադրվում են նաեւ ձերբակալված նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Օգոստոսի 5-ին Սահակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ 2005 թվականին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծը կազմակերպելու համար:
Բացի այդ, Սահակաշվիլին մեղադրվում է բյուջետային միջոցները մսխելու համար: Նրան կասկածում են Պետական պահպանության հիմնադրամի միջոցով անձնական եւ իր ընտանիքի կարիքների համար նշանակալի գումար ծախսելու մեջ:
Դատախազությունը պնդում է, որ նախկին նախագահն ընդհանուր առմամբ ապօրինի կերպով 8.8 մլն լարի է ծախսել (շուրջ 6 մլն դոլար): Այդ գումարը ծախսվել է, մասնավորապես, հյուրանոցների ամրագրման, մերսողների, հուշանվերների, սննդի եւ այլնի համար:
Միխայիլ Սահակաշվիլին ներկայում արտասահմանում է եւ մտադիր չէ Վրաստան վերադառնալ: Նա իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները համարում է քաղաքական հետապնդում:





























