Որակյան հայկական եւ վրացական ապրանքները ԵՄ-ի դեմ Մոսկվայի պատժամիջոցների ֆոնին ռուսական շուկայում ամրապնդվելու մեծ հնարավորություն ունեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի եհտ զրույցի ընթացքում հայտարարեց Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը՝ մեկնաբանելով ԵՄ Խորհրդի երեկվա ուղերձը, որտեղ կոչ էր արվում խուսափել Ռուսաստանում եվրոպական ներմուծումը փոխարինելուց:

«Հայաստանի համար ռուսական շուկայում ներկայության զարգացումը, Ռուսաստանի հետ նոր նախագծերի կառուցումը նոր հնարավորություններ է տալիս: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ի հետ ասոցացումը գործնականում ոչինչ էլ չի տալիս: Դա կարելի է տեսնել Վրաստանի օրինակով», - հայտարարեց Կոլտաշովը:

Նա նկատեց, որ Վրաստանի տնտեսությունը չի սատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ շարունակում է արտահանել ռուսական շուկայում պահանջարկված ապրանքներ: «Ի շնորհիվ սրա, Վրաստանի տնտեսությունը դեռ նոր-նոր սկսում է դուրս գալ Սահակաշվիլիի ժամանակների դեպրեսիայից: Իսկ Եվրաասոցացման տեսանելի արդյունքը միայն այն է, որ Թբիլիսին զարդարվել է Եվրամիության դրոշներով», - նշեց Կոլտաշովը:

Նա հավելեց, որ եվրոպական ասոցացիայի արդյունքները նկատելի չեն նաեւ Ուկրաինայում՝ բացի փակված արտադրություններից եւ գործազրկությունից: