Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դժվարացավ պատասխանել, թե որքան չեչեն կամավոր է պատերազմում Ուկրաինայի հարավ-արեւելքում, քանի որ ինքն «այնտեղ նրանց չի ուղարկել»:
«Հստակ չեմ կարող ասել, ոչ մեկին այնտեղ ես չեմ ուղարկել եւ ոչ մեկի չեմ կանգնեցրել: Ամեն մեկն ինքն է ընտրում իր ուղին, ուստի թվերը տարբեր են: Սկզբում նշում էին 10-15 մարդ, հետո՝ 50 մարդ: Հստակ տեղեկություններ չունենք»,- նշել է Կադիրովը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում պատերազմում են կամավորներ, որոնց շրջանում կան չեչեններ, դաղստանցիներ, ինգուշներ, ռուսներ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ:
Նրա խոսքով՝ հանրապետության սահմաններից դուրս բնակվող չեչենները նույնպես Ուկրաինայի հարավ-արեւելքում պատերազմելու են մեկնում:
«Չեչենները պատերազմում են Սիրիայում, այժմ, ասում են նաեւ Իրաքում են պատերազմում: Աշխարհում ավելի քան 3 մլն չեչեն կա, ուստի չեչեններն էությամբ զինվոր են, եւ մեկնում են այնտեղ, ուր պատերազմ է ընթանում»,- նշել է Կադիրովը:
Նա ընդգծել է, որ «մենք չենք կարող հետեւել բոլորին, սակայն ոչ ոքի պատերազմ չենք ուղարկել»:



























