Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից ռազմական օգնություն է խնդրել՝ ռուսամետ ակտիվիստերի դեմ պայքարելու համար: Այս մասին ուկրաինական գլխավոր դիվանագետը հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Եթե մենք նման օգնություն ստանանք, մեր զորքերին տեղում ավելի դյուրին կլինի գործել»,- խնդանքը պարզաբանել է Կլիմկինը:
Նախարարը ռուսական ներխուժման սպառնալիքը միանգամայն լուրջ է համարել: Նրա խոսքով, ուկրաինական զորքերն անընդհատ գնդակոծության են ենթարկվում հարեւան պետության տարածքից, չի դադարում Ռուսաստանից ակտիվիստներին զենքի ու զինյալների մատակարարումը:
ՆԱՏՕ-ից Կլիմկինը պահանջել է փոխել Ուկրաինայի հանդեպ ռազմավարությունը: Նախարարի խոսքով, իր երկիրը կարիք ունի ոչ միայն բանակի համար օգնության, այլեւ քաղաքական աջակցության: Ըստ Reuters-ի, միաժամանակ, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն առայժմ օրակարգում չէ, քանի որ այդ հարցում ուկրաինական հանրությունը համաձայնություն ձեռք չի բերել:
Օգոստոսի 17-ի երեկոյան Ուկրաինայի ԱԳ նախարարը Բեռլինում հանդիպելու է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը մասնակցելու ե նաեւ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եւ Լորան Ֆաբիուսը: Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, քննարկվելու է Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը:





























