Գերմանիայի կառավարության աղբյուրները հաստատել են գերմանական հետախուզական ծառայությունների՝ BND-ի լրտեսության փաստը ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիայի դեմ: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung շաբաթաթերթը: Պարբերականի զրուցակիցները, սակայն, նշել են, որ այդ պրակտիկան չի հակասում բարեկամների դեմ լրտեսություն անելու անթույլատրելիության մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:

Նրանք հիշեցրել են, որ «վերջին տարիներին երբեք չեն պնդել, որ նման վերաբերմունքը տարածվում է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների վրա»՝ ընդգծելով, որ Թուրքիան չի կարելի համեմատել ԱՄՆ-ի կամ եվրոպական գործընկերների հետ: Գերմանական կառավարական աղբյուրները պարզաբանել են, որ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, ուղղակիորեն առնչվում է Գերմանիայի ներքին անվտանգությանը. այդ վերաբերում է ե՛ւ արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը, ե՛ւ ձախ ու աջծայրահեղական թուրքական խմբավորումներին Գերմանիայում, ե՛ւ թմրանյութերի, ե՛ւ մարդկանց մաքսանենգությանը: Գաղտնի չէ նաեւ այն, որ Թուրքիայի կառավարությունը ձգտում է Գերմանիայում իր նպատակներին հասնել այդ երկրի էթնիկ թուրքական կազմակերպությունների եւ միավորումների օգնությամբ:

Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ի տվյալներով, Թուրքիան այն երկրների թվում է, որոնց BND-ն առաջնային ուշադրություն է դարձնում: Այդ երկրների հանդեպ գերմանական հատուկ ծառայություններն իրավունք ունեն կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսին գաղտնալսումն է: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններին, ապա կառավարության հանձնարարությամբ BND-ն նրանց վերաբերյալ, այսպես կոչված, «դիտարկում» է անցկացնում՝ հավաքելով միայն բոլորի համար հասանելի տվյալներ: