Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը ենթադրում է, որ դաշինքը պետք է վերանայի ռազմական գործողություններ վարելու եղանակները, որպեսզի սովորի պայքարել առանց տարբերանշանների զինվորականների դեմ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:

«Մեր գլխավոր խնդիրը մարտավարությունների նոր եղանակ մշակելն է: Եթե անկեղծ խոսենք, ապա ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար ամենակարեւորը, այսպես կոչված, «կանաչ մարդուկների»՝ առանց տարբերանշանների զինվորականների հետ ռազմական գործողություններին պատրաստ լինելն է»,- հայտարարել է Բրիդլավը:

Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ՆԱՏՕ-ն մի շարք միջոցառումներ ձեռնարկեց, որոնք դաշինքը բացատրում է դաշնակիցների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:

Հուլիսին «Times» պարբերականը հաղորդեց, որ Բրիդլավը մտադիր է առաջարկել զենք, սպառազինություն ու պարենամթերք տեղակայել շտաբ-կայաններից մեկում, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանցով ապահովի ՆԱՏՕ-ի զորքին: