Ուկրաինական «Աջ սեկտոր» շարժումը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջում է «կարգուկանոն հաստատել» ՆԳՆ-ում եւ ազատ արձակել «Աջ սեկտորի»-ի ձերբակալված զինվորականներին, ինչպես նաեւ, այսպես կոչված, ապօրինաբար առգրավված զենքն ու տրանսպորտը վերադարձնել ռազմական գործողությունների գոտի: Այս մասին տեղեկանում ենք «Աջ սեկտոր»-ի կայքից:
Ըստ շարժման ներկայացուցիչների, վերջին շաբաթվա ընթացքում իրավապահները «Աջ սեկտոր»-ի բազմաթիվ զինվորականների ձերբակալություններ, կալանք, ծեծկռտուքը, խուզարկությունները կատարել, զենք են առգրավել:
«Մենք դիմում ենք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ կոչ անելով անհապաղ կարգուկանոն հաստատել ՆԳՆ-ում՝ պաշտոններից հեռացնելով հակաուկրաինական ուժերի ներկայացուցիչներին եւ նրանց հանցավոր գործունեության հետաքննություն սկսել»,- կազմակերպության հայտարարությունն է մեջբերում «Կոմենտարիի»-ն:
«Աջ սեկտորում» պահանջում են նաեւ ազատ արձակել ձերբակալվածներին, փակել կազմակերպության եւ կամավորական այլ ստորաբաժանումների զինվորականների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:
«Մեր պահանջները 48 ժամվա ընթացքում չկատարելու դեպքում ստիպված կլինենք մեր բոլոր ստորաբաժանումները հեռացնել ճակատային գծից, համընդհանուր զորահավաք հայտարարել եւ արշավել Կիեւի վրա՝ ՆԳՆ-ում «արագ բարեփոխումներ» իրականացնելու նպատակով: «Աջ սեկտոր»-ի հետեւակային շարասյուները շարժվելու են լիարժեք զինված»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:





























