Եվրոպայում Շոտլանդիայի անկախության մասին առաջիկ հանրաքվեի ֆոնին լարվածությունն ավելանում է: Իտալիայում գերմանալեզու Հարավային Տիրոլ շրջանի (Բոլցանո-Բոցեն ինքնավար նահանգ) բնակիչները նույնպես մտածում են անկախության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «The Local»-ին:
«Մենք իտալացի չենք: Իտալիան զավթիչ տերություն է, այն իրավունք չունի կառավարել մեր երկիրը: Մենք ուշադիր հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում Շոտլանդիայում ու Կատալոնիայում (Իսպանիայի շրջան)»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եվա Կլոտցը:
Կապված եվրագոտու ճգնաժամի հետ՝ Իտալիայի տնտեսությունը վերադառնում է ռեցեսիայի: Երկիրը կրճատում է ծախսերն ու բարձրացնում հարկերը, որպեսզի վճարի ազգային պարտքը, որը գերազանցում է 2 տրիլիոն եվրոն:
Բացի այդ, Հարավային Տիրոլն այլեւս չի ստանում իրեն հասանելիք հարկային մուտքերը: Հարկերը հավաքում է Հռոմը, որն էլ որոշում է դրանց չափը: Այս պահին Բոլցանո-Բոցեն նահանգում եկամտահարկը եւ շահութահարկն ամենաբարձրն են Եվրոպայում:
Հարավային Տիրոլը գտնվում է Իտալիայի հյուսիսում եւ Տրենտինո շրջանի մաս է կազմում: Բնակչության մեծ մասը գերմաներեն է խոսում, մեկ քառորդը՝ իտալերեն, իսկ Հարավային Տիրոլի որոշ բնակիչներ էլ հաղորդակցվում են լադիներեն:
Նախկինում նահանգն Ավստրիայի կազմում էր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919թ.-ին, Սեն Ժերմենի պայմանագրով Հարավային Տիրոլը միացվեց Իտալիային:





























