ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 16-ին դիմել է ամերիկյան ժողովրդին՝ Սպիտակ տան Օվալաձեւ կաբինետից: Նրա ելույթն ամբողջությամբ նվիրված է եղել ԱՄՆ պատմության ընթացքում ամենախոշոր բնապահպանական աղետին՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքին:  

«Բնությանն ու մարդկանց հասցված վնասը դեռ հնարավոր չէ գնահատել, բայց ինչ էլ որ լինի, British Petroleum-ը պատասխան է տալու ամեն ինչի համար: Մենք կստիպենք BP-ին վճարել այնքան, որքան պահանջվում է: Եւ մենք կանենք ամեն ինչ՝ հաղթահարելու աղետի հետեւանքները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Բարաք Օբաման ներկայացրել է գործողությունների պլանը, որով առաջին հերթին պետք է իրականացվի մաքրումն ու էկոհամակարգի վերականգնումը: Երկրորդ՝ բոլոր վնասների փոխհատուցում, եւ երրորդ՝ ապագայում նման ողբերգությունների կանխում:

Նախագահական ծրագրի երրորդ մասը նախատեսում է նաեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացում: «Երկիրը, որ ծախսում է աշխարհում արդյունահանվող սեւ ոսկու 20 տոկոսը, բայց ունի ընդամենը 2 տոկոսը, ժամանակն է հրաժարվել նավթային կախվածությունից»,- հայտարարել է Օբաման:

Վթարը BP-ի նավթահորում տեղի էր ունեցել ապրիլի 20-ին եւ հանգեցրել էր 11 մարդու մահվան։ Նավթի արտահոսքը շարունակվում է առ այսօր: