Հայաստանի կառավարությունը դեռեւս չի հստակեցրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագրին հավանություն տալու ժամկետը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հարցին, արդյո՞ք նախագիծը նախարարների կաբինետի նիստին կներկայացվի մինչեւ օգոստոսի վերջը, Հարությունյանը պատասխանեց. «Դժվար է ասել: Ամեն ինչ կախված է Կառավարությունում քննարկումից»: Նրա խոսքով, Հայաստանի կառավարության կողմից պայմանագրին հավանության տալու ժամկետն ուղղակի կապ չունի Ռուսաստանի նախարարների կաբինետի կողմից հավանության հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Ռուսաստանի կառավարությունը երկրի նախագահին Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ Պայմանագիր ստորագրելու առաջարկություն էր ներկայացրել: Կառավարությունը պայմանագիրը հավանության էր արժանացրել դրանից մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 7-ին: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին Պայմանագիրը պատրաստել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի իշխանության մարմինների հետ համատեղ:





























