ՌԴ կառավարության՝ եվրոպական ապրանքների մուտքը Ռուսաստան արգելելու որոշումը Հայաստանին հնարավորություն է տալիս մեծացնել ռուսական շուկա արտահանվող ապրանքների ծավալները։ Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ «Բազե-2014»-ի բացման ժամանակ պատասխանելով բազեականների հարցերին:
«Ռուսաստանի կառավարությունը որոշ եվրոպական ապրանքների մուտքն արգելել է իր շուկա, ինչը շատ լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք այդ տեղը գրավել այնքան, որքան արտադրական հնարավորություններ ունենք»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը որպես օրինակ բերեց այն, որ Հայաստանում այսօր կարող է արտադրվել եւ արտահանվել 4.000 տոննա պանիր, այնինչ արտադրում ենք 1.500 տոննա. «2.500 տոննայի տեղ ունենք, որ կարող ենք արտադրել եւ արտահանել։ Դա ե՛ւ աշխատատեղ է, եւ այլն, եւ այլն… Արտադրողներին ասել եմ, որ եթե արտադրությունն ավելացնելու հետ կապված ֆինանսական խնդիրներ կան, կառավարությունը պատրաստ է աջակցել։ Մի քանի օր առաջ էլ հայտնաբերեցի, որ 2007 թվականից մսամթերքի մուտքն արգելել են Ռուսաստան, իսկ դա մեծ շուկա է, եւ մեզ համար մեծ հնարավորություն կա այնտեղ տեղ գրավել»։
Նշենք, սակայն, որ 2007 թվականին «Աֆրիկյան ժանտախտի» պատճառով Ռուսաստանն արգելել էր մսամթերքի ներկրումը նաեւ Հայաստանից: Այս հիվանդության պատճառով Ռուսաստանն արգելել էր Հայաստանից կենդանական ծագման սննդամթերքի արտահանումը, իսկ Վրաստանը եւ Ուկրաինան արգելել էին կենդանի խոզի եւ մսամթերքի արտահանումը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կառավարությունը երկու կարեւոր խնդիր ունի. արտագաղթը եւ արտագաղթի կրճատումը։
«Մարդն արտագաղթում է, որովհետեւ աշխատանք չունի։ Մի տեղ որ Աստված դուռը փակում է, մի տեղ պիտի բացվի։ Հիմա այդ հնարավորությունը կա, Աստված դուռը բացել է, հիմա պետք է փորձենք օգտագործել»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա վարչապետն ասաց. «Ես չեմ ուզում մտածել, որ վատ կանդրադառնա, որովհետեւ ես երկրի վարչապետ եմ։ Բացասականն ավելի քիչ է, քան դրականը, եւ եթե մենք արդյունավետ աշխատենք, օգտագործենք այս իրավիճակը, մեր ձեռքբերումները մեծ կլինեն, կորուստները՝ քիչ»։





























