Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման հետ մեծ հույսեր կապել պետք չէ, դա լինելու է երեք պետությունների հերթական հանդիպում, բայց որեւէ լուրջ առաջընթաց ղարաբաղյան հարցում չի գրանցվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով, դա հերթական դիվանագիտական քայլ է, որ լուրջ համարել չի կարելի: Իհարկե, Ռուսաստանը հանդիպմանը կներկայացնի իր առաջարկները, որոնք նախատեսում են փոխզիջումներ կողմերից, բայց Երեւանը որեւէ զիջման չի գնա, քանի որ այդ հարցը ազգային անվտանգության խնդիր է, իսկ հայկական կողմը փոխզիջման ռեսուրս չունի: «Ղարաբաղյան հարցը պարզապես տարածքների հարց չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական հարց»,- նկատել է փորձագետը: Նա նաեւ ընդգծել է, թե Ռուսաստանի ակտիվացումը բանակցային գործընթացում հարկ է քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների ակտիվացման համատեքստում, քանի որ Անկարան հետաքրքրված է Մոսկվայի դերի աճի մեջ:
Մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի, իսկ Նախիջեւանում թուրք խաղաղարարներ են տեղաբաշխվելու, փորձագետն ասել է, որ դա հերթական սադրանքն է:




























