Ղարաբաղյան հակամարտության կողմերի ներկայացուցիչների միջեւ ցանկացած բանակցություն հնարավորություն է՝ նրանց նախապատրաստելու փոխզիջումների, քանի որ բոլոր տարածքային խնդիրները կարող են լուծվել բացառապես զիջումների հիման վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ստրատեգիա» հումանիտար-քաղաքական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը՝ մեկնաբանելով Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման հնարավորությունը:
«Այսօր հասարակական-քաղաքական իրավիճակը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում լարված է, կողմերը չեն ուզում փոխզիջումների գնալ, եւ նման հանդիպումները միայն խթան են՝ մոտեցնելու նրանց դիրքորոշումները, իսկ այդ կերպ՝ նաեւ հակամարտության կարգավորումը, քանի որ ցանկացած բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»,- նկատել է փորձագետը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում եւ հա՞րկ է արդյոք այն դիտարկել ռուս-թուրքական հարաբերությունների ակտիվացման համատեքստում, Սունգուրովը նշել է. «Գլխավորը, որ բանակցությունները շարունակվեն, իսկ դրա նախադրյալները շատ տարբեր են, այդ թվում՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ երկխոսության ակտիվացումը»:
Մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի, իսկ Նախիջեւանում թուրք խաղաղարարներ են տեղաբաշխվելու, փորձագետը նկատել է. «Դա բացարձակապես անթույլատրելի սցենար է, նման բան կարող է լինել միայն իրավիճակի սրման դեպքում»:




























