«Հայաստանի իշխանությունները երբեք ճիշտ քայլը ժամանակին չեն անում, այլ անում են ստիպված՝ ճնշումների ներքո»,- հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքին ու դրա ազդեցությանը հունիսի 21-ին տեղի ունենալիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցի քննարկման վրա։

Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել այդ օրինագծին, ապա, անդադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի եւ Human Rights Watch-ի հորդորները՝ չստորագրել այդ օրենքն ու այն վերադարձնել ԱԺ, նկատեց. «Իհարկե չի ընդունի։ Բայց նկատի կառնվի»։ Ըստ ՀՅԴ գործչի՝ այդ օրինագիծն իր ազդեցությունը կունենա նաեւ ԵԽԽՎ-ում։

«Մեր պատգամավորները հերոսաբար կմարտնչեն՝ հաղթահարելու ի հայտ եկած խոչընդոտները, իսկ հետո արդեն՝ աշնանը, բոլորը կհասկանան, որ սխալ են արել, բայց երբեք ու երբեք սխալի հեղինակը չի պատժվի, սխալի հեղինակին ապտակ չեն տա, չեն ասի՝ դու ապո՛ւշ ես ու անգրագե՛տ, էս ի՞նչ օրենք ես բերել, բայց կսկսվի դզելու, շտկելու պրոցեսը։ Նորից կբերեն օրենքը, կսկսեն ավելորդությունները, հակաժողովրդավարական թեզերը միջից հանել, մաքրել, բայց միայն այն բանից հետո, երբ մենք այս օրենքի հետ կապված բոլոր դժվարություններն արդեն կկրենք», նշեց նա։  Վահան Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ փորձը ցույց է տալիս, թե Հայաստանի իշխանություններն իրենց սխալները շտկում են միայն այն ժամանակ, երբ զգում են, որ այդ սխալներն ու թերացումներն աննկատ չեն անցել։