Դանիայի կառավարությունը որոշել է միանալ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին: Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարՆիկոլայ Վամենը:

Ըստ նրա՝ ԵվրոՀՀՊ-ին Դանիայի միացումը  Ուկրաինայի հակամարտության հետ կապ չունի: Նախարարի խոսքով՝ միացման նպատակը երկիրը մերժված պետություններից, ահաբեկչական կազմակերպություններից եւ բոլոր նրանցից պաշտպանվելն է, որոնք ընդունակ են հրթիռային հարված հասցնել Եվրոպային ու Ամերիկային: Վամենը նշել է նաեւ, որ հակահրթիռային պաշտպանությունը ՆԱՏՕ-ի գլխավոր առաջնահերթությունն  է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, մեկնաբանելով Դանիայի իշխանությունների որոշումը, նշել է, որ Դանիայի միանալը ՀՀՊ-ին  «կամրապնդի դաշինքի հզորությունը»: ԵվրաՀՀՊ-ին միանալուն դեմ են հանդես եկել Դանիայի ընդդիմադիր կուսակցությունները՝ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը եւ Կարմիր-կանաչ դաշինքը, փոխանցում է lenta.ru-ն:

Ըստ գործող ծրագրերի՝ ԵվրաՀՀՊ-ի ձեւավորումը պետք է ավարտվի 2018 թ.: Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայումը սպառնալիք է ազգային անվտանգության համար:  Մասնավորապես, այդպիսի համակարգը կարող է վերացնել ռուսական միջուկային վահանի հնարավորությունները եւ խախտել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հավասարակշռությունը ռազմավարական հրթիռային սպառազինությունների  մասով: