Վարչական դատարանը մերժել է բնական գազի սակագնի դեմ բողոքարկող  Հայ Ազգային Կոնգրեսի եւ 7230 քաղաքացիների գործով  ներկայացված միջնորդությունը, որով պահանջում էր բանավոր ընթացակարգով քննել հայցը։ Ըստ դատարանի որոշման՝ հայցը քննվելու է գրավոր ընթացակարգով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով փաստաբան Վահե Հովսեփյանը՝ միաժամանակ հավելելով, որ մեկ այլ ատյան՝ Վճռաբեկ դատարանը, իր հերթին վերադարձրել է ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր հայցը գրավոր ընթացակարգով քննելու Վարչական դատարանի որոշմանը։  

Նշենք, որ գրավոր ընթացակարգի ժամանակ դատական նիստ, որպես այդպիսին տեղի չի ունենում։ «Մեր բողոքն էլ հենց այն էր, որ նման գործերի քննությունը պետք է պարտադիր տեղի ունենա բանավոր ընթացակարգով»,- նշեց փաստաբանը։ Նա նաեւ հավելեց, որ շուտով առարկություններ է ներկայացնելու  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հայցադիմումի վերաբերյալ ներկայացված պատասխանի վերաբերյալ։ Հավելենք, որ վարչական դատարանը հիշյալ գործով վճիռ պետք է կայացնի մինչեւ օգոստոսի 6-ը։   Հիշեցնենք, ապրիլին 7230 քաղաքացիներ, Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնությամբ, հայցադիմում էին ներկայացրել Վարչական դատարան` բողոքելով գազի գնի անհիմն բարձրացման դեմ: Ապրիլի 1-ից Հայաստանի  քաղաքացիները 1 խմ. գազի դիմաց վճարում են 132 դրամ` նախկին 96 դրամի, իսկ խոշոր սպառողները՝ հազար խմ-ի համար 243,13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն: