Վիլինգբորո ամերիկյան քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) բնակիչները դեմ են հանդես եկել տեղի Ջոն Քենեդու անվան կենտրոնը գործող նախագահ Բարաք Օբամայի պատվին վերանվանելու նախաձեռնությանը, հայտնում է The Washington Times-ը:

Թերթը նշում է, որ համապատասխան առաջարկով հանդես էր եկել փոխքաղաքապետ Ժակլին Ջենինգսը:

«Ես կարծում եմ՝ ամերիկացիները հպարտանում են Բարաք Օբամայով: Երբ նա հաղթեց ընտրություններում, մենք տեսանք, որ իրենց ձայնը նրան են տվել անգամ այն մարդիկ, ովքեր նախկինում երբեք չէին քվեարկում», - նրա խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փոխքաղաքապետի առաջարկին նախորդ շաբաթ հավանություն էր տվել քաղաքային խորհուրդը՝ միաձայն կողմ քվեարկելով: Քաղխորհրդի անդամ Քրիս Ուոլքերի խոսքով՝ «Օբաման եւ Քենեդին՝ այս երկու նախագահները մշտապես ակտիվ ներգրավված էին հանրության կյանքում, եւ տվյալ առաջարկն իրագործվելու իրավունք ունի»:

Սակայն, ըստ թերթի, այդ որոշումը բնակիչների շրջանում դժգոհությունների պատճառ է դարձել: